Մեկնարկեց Ծաղկաձոր Օփեն միջազգային մրցաշարը
2017-11-24Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում մեկնարկեց Ծաղկաձոր օփեն միջազգային մրցաշարը: Երեկ տեղի ունեցան մրցաշարի անդրանիկ տուրի պարտիաները, որում գրանցվեցին մի շարք անակնկալներ: Անկասկած, տուրում ամենահետաքրքիրը Նինո Մայսուրաձե – Ալեքսանդր Ֆիեր դիմակայությունն էր, քանի որ այս շախմատիստները ամուսիններ են: Սովորաբար նման պարտիաներում գրանցվում է արագ ոչ-ոքի, սակայն գրոսմայստեր Ֆիերը (2583) և կանանց գրոսմայստեր Մայսուրաձեն (2256) տրամադրված էին մարտական: 23 քայլ տևած պարտիայում Ֆրանսիան ներկայացնող Մայսուրաձեն պարզապես ջախջախիչ հաղթանակ տոնեց Ֆիերի նկատմամբ:
Հաճելի անակնկալներ մատուցեցին հայ պատանի շախմատիստներ Ալեն Երեմյանը և Էդուարդ Հակոբյանը, ովքեր համապատասխանաբար հաղթեցին գրոսմայստերներ Լև Պսախիսին ու Մարատ Ջումաևին: Մեկնարկային տուրում անակնկալ պարտություն կրեց Արտաշես Մինասյանը, իսկ մրցաշարի 2-րդ դասակարգված շախմատիստ Սերգեյ Ժիգալկոն միավորը կիսեց պատանի վրացի շախմատիստ Նիկողոս Կաչարավայի հետ: Մրցաշարի մյուս ֆավորիտները հաղթանակներ տոնեցին: