Վիտալի Բերնադկսին՝ Ծաղկաձոր Օփենի հաղթող
2017-12-01Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ Ծաղկաձոր Օփեն միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողությանը ելույթ ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, ով գոհունակությամբ նշեց, որ առաջին անգամ կայացած Ծաղկաձոր Օփենը անցկացվեց բարձր մակարդակով: Մրցաշարին մասնակցեցին 17 երկրների շուրջ 160 շախմատիստ, այդ թվում 22 գրոսմայստեր: Մրցաշարի նման հզոր և բարձրակարգ կազմը հնարավորություն էր ընձեռել մրցաշարին մասնակցող հայ պատանի շախմատիստներին լրացնել գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաներ, ինչպես նաև ուժերը չափել գրոսմայստերների հետ և ձեռք բերել անհրաժեշտ փորձ հետագա մրցելույթների համար: Ծաղկաձոր Օփենի անցկացումը հնարավոր էր դարձել մրցաշարի գլխավոր հովանավոր ՆՈՐՖՈԼԿ ԿՈՆՍԱԼԹԻՆԳ-ի և նրա տնօրեն Արմեն Ունանյանի շնորհիվ:
Սմբատ Լպուտյանը ընդգծեց, որ այսպիսի մրցաշարերը կարևոր են Հայաստանում շախմատի զարգացման համար:
Այնուհետև, մրցաշարի գլխավոր մրցավար Նորայր Քալանթարյանը ամփոփեց Ծաղկաձոր Օփենի արդյունքները: Նորայր Քալանթարյանը ընդգծեց, որ մրցաշարն անցել էր լարված և անզիջում պայքարում, սակայն ուրախությամբ հավելեց, որ մրցաշարի ընթացքում չի գրանցվել գեթ մեկ միջադեպ, ինչը գովելի է:
Արդյունքների ամփոփումից հետո մրցաշարի գլխավոր հովանավոր ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ-ի տնօրեն Արմեն Ունանյանը և Սմբատ Լպուտյանը պարգևատրեցին Ա և Բ մրցաշարերի հաղթողներին և մրցանակակիրներին:
Նշենք, որ կազմակերպիչները պատրաստել էին նաև մի շարք հատուկ մրցանակներ՝ կանանց, վետերանների և պատանի շախմատիստների համար:
Առաջին անգամ անցկացված Ծաղկաձոր Օփենի հաղթող դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Վիտալի Բերնադսկին, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կես միավորով առաջ անցավ 2-6-րդ հորիզոնականները բաժանած 5 շախմատիստներից: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Խորվաթիան ներկայացնող Մարին Բոսիոչիչը դարձավ երկրորդը, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Լ. Պետրոսյանը եզրափակեց լավագույն եռյակը:
Կազմակերպիչները պատրաստել էին նաև մի շարք հատուկ մրցանակներ. կանանց պայքարում լավագույն արդյունքը ցույց տվեց Աննա Սարգսյանը, Արփինե Գրիգորյանը դարձավ երկրորդը, իսկ Նինո Մայսուրաձեն կանանց մեջ ցույց տվեց 3-րդ արդյունքը:
Վետերան շախմատիստների մեջ լավագույնը դարձավ Ռաֆայել Վահանյանը:
Մինչև 2400 գործակից ունեցող շախմատիստների մեջ ամենաբարձր արդյունքը ցույց տվեց Արմենակ Եղիազարյանը, իսկ մինչև 2200 գործակից ունեցողների մեջ լավագույնն էր Դանեշվար Բարդիան:
Մրցաշարի գլխավոր հովանավոր ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ընկերության տնօրեն Արմեն Ունանյանը հատուկ մրցանակներ էր պատրաստել մրցաշարին մասնակցած ԽՍՀՄ երեք չեմպիոնների՝ Լև Պսախիսի, Ռաֆայել Վահանյանի ու Արտաշես Մինասյանի և խաղարկված լավագույն պարտիայի համար:
Մրցաշարի ամենագեղեցիկ պարտիա ճանաչվեց Շանթ Սարգսյանի հաղթանակը Ալեքսանդր Ֆիերի նկատմամբ:
Արմեն Ունանյանը կամային բարձր հատկանիշներ ցուցաբերելու և մինչև վերջ պայքարելու համար հատուկ մրցանակ հանձնեց Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանին, ով մրցաշարի վերջին տուրում 144 քայլ տևած պարտիայում, ունենալով ծանր դրություն, կարողացավ ի վերջո ոչ-ոքի արդյունքի հասնել գրոսմայստեր Սերգեյ Ժիգալկոյի հետ պարտիայում:
Փակման արարողության ընթացքում պարգևատրվեցին նաև Բ մրցաշարի հաղթողները: 3 շախմատիստ՝ Սարգիս Վասիլյանը, Դավիթ Դավթյանը և Գոռ Սեյրանյանը 9 հնարավորից վաստակել էին 7.5-ական միավոր և կիսել 1-3-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ հաղթող դարձավ Սարգիս Վասիլյանը, Դավիթ Դավթյանը դարձավ երկրորդը, իսկ Գոռ Սեյրանյանը եզրափակեց լավագույն եռյակը:
Այստեղ ևս կազմակերպիչները պատրաստել էին հատուկ մրցանակներ: Մինչև 8 տարեկանների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց Ալբերտո Աթոյանը, մինչև 10 տարեկանների մեջ ամենաբարձր միավորները հավաքեց Էրիկ Գասպարյանը, իսկ մինչև 12 տարեկան աղջիկների պայքարում լավագույնն էր Հասմիկ Քոչինյանը:
Բացման ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ: